Երևան տուր
Երևան, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք։ Գտնվում է Արարատյան դաշտում՝ Արաքսի վտակ Հրազդան գետի ափին։ Բնակչության քանակով, որը 2013 թվականի ապրիլի դրությամբ կազմում է 1 միլիոն 67 հազար մարդ, Հայաստանի խոշորագույն քաղաքն է։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 12-րդն է Հայաստանի պատմության ընթացքում:
Երևանը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում․ այն Հռոմից հին է 29 տարով։ Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը։ Միջնադարում քաղաքը մտել էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ՝ Կոտայք գավառի սահմաններում։ 2018 թվականին, երբ կլրանա Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը, Երևանը կդառնա 2800 տարեկան։
Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (10-3,5 հազարամյակ առաջ)։ Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5-6 հազար տարի առաջ։
Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, և Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։
Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին (հնդկական վեդաներ, իրանական «Ավեստա», պարսից շահ Դարեհ Ա Աքեմենյանի Բեհիսթունի արձանագրություն)։ Երևանը կոչվել է նաև Այրիվան, Էրիվան, Րևան և այլ անուններով։
Երևանը հիշատակվում է 3-րդ դարի սոդդիական-մանիքեական տեքստում, որտեղ նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքին Մանիի (պարսիկ նկարիչ, մանիքեության հիմնադիրը) աշակերտներից մեկը Երևանում հիմնել է մանիքեական համայնք։
Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։