Տուր դեպի Սևանա լիճ

Սևանա լիճ, լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լիխնիտիս անուններով։


Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է (առաջինը Հարավային Ամերիկայի Տիտիկակա լիճն է)։

Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 83մ-ի։ Սևանա լճին շրջապատում են հարավից՝ Վարդենիսի, արևմուտքից՝ Գեղամա, հյուսիս-արևմուտքից՝ Փամբակի, հյուսիս-արևելքից՝ Արեգունի լեռնաշղթաները։ Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ,որոնց տարեկան գումարային հոսքը շուրջ 0.8 խոր. կմ է, իսկ լճից սկիզբ առնող միակ գետի՝ Հրազդանի միջոցով իրականացվող ջրերի տարեկան արտահոսքը 0.7խոր. կմ։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր։ Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 1950-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։‌


Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով՝ գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ։ Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են։ Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում։


1924 թվականից Լադոգա և Չադ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն։ Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը։


Ջրի մակարդակի իջնելը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր։ Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման։ 1980-ական թվականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը՝ Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար։ Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից։ Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին։


Լիճը վարակվեց կապտականաչ ջրիմուռներով, խախտվեց նաև գազային ռեժիմը՝ պակասեց թթվածնի քանակը, որը և իր հերթին անդրադաձավ կենդանական և բուսական աշխարհի վրա։