Տուր Սուրբ Էջմիածին
Մայր Աթոռ Սբ.Էջմիածինը Հայաստանյայց Եկեղեցու հոգեւոր եւ վարչական կենտրոնն է: Այստեղ է գտնվում հայ ժողովրդի ու նրա հավատի հավերժության խորհրդանիշ Մայր Տաճարը, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի Իջմամբ եւ կառուցվել Սբ. Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից: Այն աշխարհասփյուռ հայության սրբազան ուխտատեղին է, ուր յուրաքանչյուր հավատացյալ հայորդի անպարփակ սիրով ու աղոթքով է ոտք դնում: Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը մեր անցյալի, ներկայի եւ ապագայի համադրությունն է:
Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները եւ հենց Մայր Տաճարը մեզ են ներկայացնում հայոց բազմադարյան հարուստ պատմությունը, գրականության եւ արվեստի բացառիկ արժեքները, հոգեւոր մշակույթի գանձերը: Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը մեծ պատասխանատվություն է կրում թե այստեղ ստեղծված եւ թե Եկեղեցուն նվիրաբերված մշակութային արժեքների պահպանության համար:
Մեր ինտերնետային էջում դուք հնարավորություն ունեք ծանոթանալու Սուրբ Էջմիածնի հինգ թանգարանների նմուշներին, ավելին, այդ բաժինը լրացվելու է ամեն ամիս:
Մայր Աթոռի բազմաթիվ եւ բազմազան բաժինների եւ ծրագրերի գործունեությունն ուղղված է դեպի մեր ներկան եւ ապագան:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհությամբ եւ շնորհաշատ առաջնորդությամբ Մայր Աթոռը իրականացնում է սոցիալական, մշակութային եւ դաստիարակչական ծրագրեր Հայաստանում, ինչպես նաեւ սփյուռքում: Հաղորդակցությունը մեր աշխատանքի հիմնական միջոցն է, իսկ հաղորդակցության միջոցները ընդլայնվում են օրեցօր: