Տուր դեպի Արագած լեռ

Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած լեռնագագաթն է 4090.1 մետր բարձրությամբ։ Դա շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Իր հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 քառ կմ տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, Արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։

Եղել է պատմական Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։ Այժմ մտնում է Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում (ՀՀ տարածքի հս-արմ-ում) և ունի կենտրոնական դիրք։Արագած անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծո անունների հետ (Արագած՝ Արայի գահ)։


Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4090.1 մետր)։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 3995.3 մետր, արևելյանը՝ 3098.2 մ և հարավայինը՝ 3887,8 մ։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։


Արագածի հավերժական ձյունե ծածկույթը մոտ 6 քառ կմ է։ Լեռն ունի մի քանի փոքր սառցադաշտեր, որոնցից ամենամեծը (1,5 կմ մակերեսով) խառնարանում է։ Սառցադաշտերը սնում են Քասաղի վտակներից Գեղարոտը։


Եթե Արագածի ատամնաձև գագաթները ուղղաձիգ են, (հատկապես հյուսիսային կատարը, որ բավական դժվարամատույց է վերելքի համար), ապա լանջերը մեղմ թեքություն ունեն, որոնք փռված են գագաթների շուրջը հսկայական տարածությունների վրա՝ տեղ-տեղ կազմելով ընդարձակ բարձրավանդակներ, սարավանդներ, հարթություններ (Ապարանի դաշտը, Կարմրաշենի, Շամիրամի սարահարթերը, Օհանավանի, Մարալիկի սարավանդները և այլն), մասնատված են ճառագայթաձև տարածվող խոր հովիտներով, կիրճերով, հեղեղատներով։ Լանջերին կան նաև հրաբխային ծագում ունեցող կոնաձև բարձրություններ (Փոքր Արտենի, Իրինդ, Կարմրաթառ, Դաշտաքար և այլն)։Արագածի մերձակայքում ցրված են բազմաթիվ պարազիտային կոներ, որոնք անցյալում պարբերաբար արտավիժել են հրաբխային նյութեր։

Հրաբխային ժայթքումների հետևանքով Արագածի լանջերը հսկայական տարածության վրա (ընդհուպ մինչև ստորին փեշերը) ծածկված են լավաներով։ Արագածը հարուստ է հրաբխային ծագում ունեցող օգտակար հանածոներով (տուֆ, պեմզա, պեռլիտ և այլն)։ Արագածի գագաթներին մշտական ձյուն է նստած, իսկ փեշերին արտահայտվում են տարվա բոլոր եղանակները՝ իրենց նրբերանգներով։ Լեռնային շրջաններում կլիման փոփոխվում է ըստ բարձրությունների. մերձգագաթային գոտում զով է, իսկ գագաթում ցուրտ է նաև ամռանը։