Tour to Tatev
Հայաստանի հնագույն բնակավայրերից է, նշանավոր է Տաթևի վանական համալիրով։ Այն եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում։ Հիմնադրվել է 4-րդ դարում, 5-8-րդ դարերում եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, 8-րդ դարի վերջից՝ Սյունյաց Եպիսկոպոսության աթոռանիստը։ 906 թվականին կառուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թվականին՝ սուրբ Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թվականին սուրբ Գրիգոր եկեղեցին։ 1390-1435 թվականներին Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը։ Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ։ Միջնադարում վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ։ Այստեղ է գտնվում հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթևացու դամբարանը։ Տաթևը հանրահայտ է նաև իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է։ 17-րդ և 20-րդ դարի 20-ական թվականների սկզբներին վանքը եղել է ազատագրական պայքարի կարևորագույն հենակետ։ Նրա հետ են կապված բազմաթիվ նշանավոր իրադարձություններ և ավանդույթներ։ 20-րդ դարի վերջերին վանքի տարածքում և շրջակայքում իրականացվել են շինարարական և վերականգնողական աշխատանքներ։ Վանքը ներկայումս հիմնականում վերականգնված է և Սյունիքի թեմի հոգևոր կենտրոնն է։
Տաթևի շրջակայքում կան գյուղատեղիներ, եկեղեցիներ, հին գերեզմանոցներ։ Այստեղ է գտնվում նաև Հայստանի բնաության հրաշալիքներից մեկը՝ «Սատանի կամուրջը»։
ՀՀ կառավարության 26.06.2009 թվականի ««Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 848-Ն որոշմամբ «Տաթև» վանական համալիրը և հարակից՝ ՀՀ Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի և Բարձրավանի գյուղական համայնքները հայտարարվել է զբոսաշրջային կենտրոն։ Նույն որոշմամբ հաստատվել են «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները։
Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի 2010 թվականի փետրվարի որոշմամբ, Տաթև շրջանում զբոսաշրջության և տնտեսական զարգացման համար վերականգնվելու են Տաթևի վանական համալիրը, Մեծ Անապատը, համալիրի տարածքում դպրատունը, իսկ Տաթև զբոսաշրջային կենտրոնում հիմվելու է գիտակրթական համալիր։